ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությանը Կորեայի Հանրապետության Պաշտոնական զարգացման աջակցություն (Official Development Assistance) ծրագրի շրջանակներում տրամադրվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
«Կորեայի Հանրապետությունից փետրվարի վերջին տեղ է հասել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 116 ինֆուզիոն պոմպ և 5 էլեկտրասրտագիր։ Սարքերը բաշխվելու են Հայաստանում գործող կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող բժշկական կենտրոններին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կորեայի Հանրապետության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում Հայաստանի առողջապահական համակարգին կրկին մարդասիրական օգնություն ցուցաբերելու։
Լուսանկարներն ու տեսանյութերը պարտադիր են. հումանիտար բեռների ստացման նոր կարգը
Հավելենք, որ նախկինում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվել էր 5 ուլտրաձայնային ախտորոշման սարք, որոնք ներկայումս օգտագործվում են հայաստանյան մարզային 5 հիվանդանոցում։
Հիշեցնենք`2020 թվականի աշնանը, կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ընթացքում, Կորեայից Հայաստան է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ COVID-19-ի ախտորոշման 35000 ՊՇՌ թեստ։