ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսվել է նորակառույց դպրոց մտնելով։ Մարզպետարանում կայացած հանդիպման տեսանյութը վարչապետը տեղադրել է Facebook-ի իր էջում։
Նրա գնահատմամբ`Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է։ Փաշինյանը նշում է, որ պետք է այս տրամադրությունը փոխանցվի նաև այլ մարզերի, Հայաստանը նորովի կառուցելու իրենց տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի:
«Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների, այլ մասնավորի ներգրավմամբ։ Պետք է խրախուսենք նաև մասնավորին կառուցման, ներդրման գործընթացին մասնակցելու։ Սրա համար շատ կարևոր է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու անվտանգային միջավայրը։ Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել, դրա համար կքննարկենք, թե այս նոր իրավիճակում ինչպես ենք ապահովելու մարդկանց անվտանգությունը, ինչպես ենք նրանց մտահոգությունները փարատելու»,–ասաց Փաշինյանը։
Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել անվտանգության միջավայրին և առկա խնդիրների լուծմանը։