ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:
«Նախարարները քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։ Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, որոնց շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան