ԵՐԵՎԱՆ, 4 մարտի-Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչներից է, սակայն միտքը, թե նա իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ, աբսուրդ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանում քաղաքական գործիչները կարիք չունեն իրենց որոշումները համաձայնեցնել Ռուսաստանի նախագահի հետ։ Սա միանգամայն աբսուրդ հարցադրում է։ Ինքը ՝ Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է։ Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի հետագայում ևս զարգացնել և խորացնել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ։ Նա այն մարդն է, որ մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար։ Մենք ընդհանուր առմամբ գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մեզ համար դա գլխավորն է», - ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ քաղաքական գործիչների թվին է պատկանում նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կենտրոնանում ենք Փաշինյանի համապատասխան հայտարարությունների վրա։ Դուք գիտեք, որ շատ ակտիվ երկխոսություն է ընթանում նրա և Ռուսաստանի նախագահի միջև։ Դուք գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց ղարաբաղյան պատերազմին։ Այդ պատճառով նրանց հարաբերությունները իրոք արժեքավոր են», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Նշենք, որ այսօր ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին: