Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։
«Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։
ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով: