ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։
Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։