ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը նույնպես հետաձգվեց։
Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ստացել։
«Արմեն Գևորգյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է սուր շնչառական հիվանդություն։ Երեկ նրան թեստավորել են, և այժմ սպասում ենք թեստի պատասխանին։ Հենց այս պատճառով էլ Գևորգյանը ներկա չէ նիստին»,–ասաց Ալեքսանյանը։
Դատավորը հետաքրքրվեց, եթե Գևորգյանի մոտ հիվանդությունը սկսվել է փետրվարի 28-ից, ինչո՞ւ նրան ավելի շուտ չեն թեստավորել։ Ալեքսանյանը պատասխանեց, որ Գևորգյանը երեկ է ջերմություն ունեցել։
Գործով դատախազները, սակայն, իրենց առարկությունը հայտնեցին` ասելով, որ պաշտպանական կողմն անհարկի ձգձգում է դատական նիստերը։
Դանիբեկյանը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատական նիստ իրականացնել չեն կարող։ Ուստի այն հետաձգվեց, և հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 9-ին` ժամը 13։00-ին։
Նշենք, որ փետրվարի 23-ին նախատեսված նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր, քանի որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և նրա պաշտպանը բացակայում էին նիստից։
Հիշեցնենք` 2008-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։
«Մարտի 1»-ի դատն անհարկի ձգձգվում է. փաստաբաններն ու դատավորը մեղադրում են միմյանց
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: