ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակել են Երևանի Արշակունյաց պողոտան։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 13։00-ին նախատեսված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց` իշխանությանը թվում է, որ գեներալների, բանակի նկատմամբ կարող են ոտնձգություն անել։
«Ժողովուրդը բանակը պաշտպանում է ճիշտ այնպես, ինչպես բանակն է պաշտպանում ժողովրդին»,–ասաց Մամիջանյանը։
Տեղում հավաքվածները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Ազգ–բանակ, հաղթանակ»։ Երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Կարճ ժամանակ անց, սակայն, բողոքի ակցիա իրականացնողները բացեցին ճանապարհը` ասելով, որ իրենք կարճ ակցիա անելու նպատակ ունեին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարկի նիստը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությամբ: Նրա դեմ գործը հարուցվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։
Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։