Վարչապետի միջնորդությունը և «Զինվորական ծառայության մասին» օրենքը տարբեր իրավական ակտեր են և միմյանց հետ որևէ կապ չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը չստորագրելու որոշումը և առանձին դիմումով «Զինվորական ծառայության մասին» օրենքի՝ սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու նախագահի մտադրությունը։
«Իրավական առումով օրենքի սահմանադրականության հարցով դիմելը վարչապետի միջնորդության հետ որևէ կապ չունի, դրանք տարբեր իրավական ակտեր են, մեկը մյուսի հետ չառընչվող»,- ասաց նա։
Սահմանադրության համաձայն`նախագահը Փաշինյանի միջնորդությունը եռօրյա ժամկետում կարող է ուղարկել ՍԴ, եթե չուղարկի, ուրեմն ընդունում է վարչապետի միջնորդությունը։
«Եթե չեմ սխալվում վարչապետի միջնորդության ժամկետը վաղն է լրանում, եթե մինչև այդ նախագահը չդիմեց ՍԴ, ապա Օնիկ Գասպարյանի ազատման դիմումն օրինական ուժի մեջ կմտնի, իսկ այդ պարագայում կարելի է ասել, որ հավասարապես կիսելու է դավաճանության խարանը։ Դրա համար եմ ասում` չշտապենք, գուցե մինչև չորեքշաբթի ուղարկո՞ւմ է»,- նշեց սահմանադրագետը։
Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, ապա, ըստ սահմանադրագետի, եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը, վարչապետի միջնորդությունը կդառնա առոչինչ, և ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե որոշի, որ համապատասխանում է սահմանադրությանը, ապա վարչապետի որոշումն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։
Միաժամանակ նշվում է, որ Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ այս պայմաններում. Վարդևանյան