ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները մտան Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան։
Նշենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն իրազեկման ակցիա են իրականացնում` հայտնելով, որ այսօր` ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկման շարժումը բողոքի երթ է իրականացնելու Բաղրամյան պողոտայից։
Նրանք շրջեցին թաղապետարանի շենքով` կոչ անելով մասնակցել երթին։
Իրազեկման ակցիա անողները հայտնեցին` իրենք տեղեկություն ունեն, որ թաղապետարանի աշխատակիցների նկատմամբ վարչական լծակ է կիրառվում, որպեսզի մասնակցեն Նիկոլ Փաշինյանի` այսօրվա երթին, որը նախատեսված է 18։30։
Իրազեկման ակցիայից հետո նրանք դուրս եկան թաղապետարանի շենքից և ուղղվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
Նշենք, որ վարչական շրջանի ղեկավարն ու տեղակալը տեղում չէին։
Միաժամանակ վարչապետի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժումն այսօր` ժամը 18։00-ին, հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի շենքի դիմաց։
Հիշեցնենք նաև` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։
Փետրվարի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել է մասնակցել հանրահավաքին ու երթին։