Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` պետք է հասկանալ, թե ինչի համար է Ադրբեջանը հրաժարվում գերիներին վերադարձնել և նրանց համարում է ահաբեկիչներ ու հանցագործներ, ինչ խնդիր է փորձում դրանով լուծել։ Ըստ նրա`ադրբեջանական կողմը մի քանի նպատակ է հետապնդում։
«Դրանցից մեկը հոգեբանական է։ Նրանք հայտարարում են, թե թույլ չեն տա Արցախում լինի բանակ, և ձգտում են ստեղծել վախի մթնոլորտ, որ կարող են մտնել, նորից գերեվարել ու առևանգվածներին համարել ահաբեկիչներ, նրանց դատել և պատժել։ Մյուս կողմից մեր հայրենակիցները պատանդի կարգավիճակում են, որովհետև Ադրբեջանն անընդհատ առաջադրում է պայմաններ, կատարում է ինչ–որ տարածքային փոխանակումներ»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` եթե Ադրբեջանի համար այժմ կարևոր է, որ Արցախի կարգավիճակի հարց չքննարկվի, ապա հայկական կողմը պետք է այդ խնդրին հստակ արձագանքի, ու եթե ադրբեջանական կողմը պայմանավորվածությունները չի կատարում, որոնք վերաբերում են նաև հայտարարության մեջ ամրագրված կետին, ըստ որի` գերիներն անհապաղ պետք է վերադարձվեն, ապա մյուս կետերի մասին խոսելը դառնում է անիմաստ։
Դանիելյանի խոսքով` միջազգային հանրությունը դա կհասկանա, որովհետև մի շարք կազմակերպությունների, ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնախմբի և Եվրամիության առաջատար երկրների կողմից առաջ է քաշվել գերիներին անհապաղ վերադարձնելու պահանջ, և եթե Հայաստանը նման դիրքորոշում ցուցաբերի, ապա քաղաքագետի կարծիքով`Ադրբեջանը որևէ հստակ հակադարձում չի կարողանա անել։ Ըստ նրա` սա Հայաստանի գործող իշխանության պահվածքն է, որ շարունակում է հրադադարի հայտարարության կետերի կատարումը, և գուցե նրա վրա Ադրբեջանի ղեկավարությունը ճնշման այլ լծակներ ունի, որոնց մասին մենք տեղյակ չենք
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ըստ նախարարի` պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում։
Այվազյանը նշել է, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների ուղղակի խախտում։