ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Պատերազմից հետո Հայաստանում ռազմական ռեֆորմներ են անցկացվում, ընդ որում՝ տվյալ գործընթացում ամենաանմիջական կերպով ներգրավված են ռուս գործընկերները։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանում նախատեսվո՞ւմ է ռազմական բարեփոխումների իրականացում։
«Մի վերապահում անեմ` ռազմական վերակառուցման գործընթացը սկզբունքորեն անընդհատ է արվում, իսկ այսօր Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ազգային Զինված ուժերում իրականացվող բարեփոխումները սահմանում է որպես անվիճելի առաջնահերթություն»,–ասել է նախարարը։
Նա նշել է` հաշվի առնելով մարտական փորձն ու հայտնի իրադարձություններն Արցախում` արմատապես կվերանայեն մի քանի հարցեր։ Մասնավորապես, մարտական և թվային կազմի օպտիմալացում կլինի՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով։ Բացի այդ, առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով ընտրողական վերազինում է նախատեսված, ինչպես նաև կադրային ներուժի պահպանում և սպաների, պետական ծառայողների և պայմանագրային զինծառայողների համալրվածության մակարդակի բարձրացում:
«Ընդ որում, մեր հիմնական ջանքերն ուղղված կլինեն կառավարման, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը: Դուք, հավանաբար, գիտեք, որ ընթացիկ տարվա հունվարի 25-30-ն ընկած ժամանակահատվածում երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան Հայաստանում էր գտնվում ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչական և իրավասու պատվիրակությունը՝ ՀՀ ԶՈւ բարեփոխման և արդիականացման հարցերում մեզ աջակցելու նպատակով»,–նշել է Հարությունյանը։
Նա հայտնել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում հայկական զինված ուժերի արդիականացման շրջանակներում հետագա գործողությունների և միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ են մշակվել՝ հաշվի առնելով դրանց ընթացիկ վիճակը։
Հայկական կողմը շահագրգռված է ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցում. ՊՆ
Նախարարն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ այդ համատեքստում շատ լուրջ շեշտադրված է տվյալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչը:
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։