ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կգործուղվի Ռուսաստան:
Սինանյանը ՌԴ-ում կլինի 2021 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը, ընդ որում, փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը կգտնվի Մոսկվայում, մարտի 3-4-ը՝ Տյումենում, մարտի 4-5-ը՝ Չելյաբինսկում, իսկ մարտի 5-7-ը՝ Եկատերինբուրգում:
Սինանյանին կուղեկցի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ Լիանա Սիմոնյանը:
Այցի նպատակը, ըստ կառավարության կայքում հրապարակված որոշման, «հետպատերազմյան շրջանում հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելն» է ու հետագա համագործակցության ուղիները քննարկելը:
Հայաստանի և սփյուռքի ներգրավմամբ․ նախարարները քննարկել են արցախցիների սոցիալական խնդիրները
Զարեհ Սինանյանի և Լիանա Սիմոնյանի գործուղման ճանապարհածախսը, գիշերակացի և օրապահիկի ծախսերը կկատարվեն վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
Թե ինչ հուշանվերների մասին է հիշատակված որոշման մեջ ու ում համար են դրանք նախատեսվում, պաշտոնական փաստաթուղթը չի հստակեցնում:
Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել