ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:
«Աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով։ Իսկ դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել սոցիալական քարտի համարը (ՀԾՀ), նույնականացման քարտի (երկկողմանի) կամ անձնագրի պատճենը, հիվանդության էպիկրիզի պատճենը, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը, հեռախոսահամարը և բնակության հասցեն:
Հիշեցնենք, որ 2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։ Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության խումբ։
Արցախցիներին 68 000-ական դրամ կտրամադրվի. ո՞վ չի կարող աջակցություն ստանալ