ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի Արման Սահակյանին, Երևանի նախկին քաղաքապետի Տարոն Մարգարյանին ու Երևանի քաղաքապետարանի ևս երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:
Շենքեր կառուցող ընկերության տնօրենը փորձել է խոշոր գումար «քցել» մեկ այլ տնօրենից
Նրա հանձնարարությամբ 2011թ.-ին Երևանի Աճառյան փողոցում գտնվող դպրոցին պատկանող 13.172 քմ հողատարածքն անհիմն նվազեցվել է 3693,12 քմ-ով: Իսկ մնացած 3569,8 քմ –ը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Մարգարյանի սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:
2012 թվականին Ավանեսովի փողոցում գտնվող դպրոցի 75 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կազմակերպված աճուրդում էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված դպրոցի տնօրենի հորը, իսկ 2014թ-ին դպրոցի տնօրենի հայրը նույն կերպ ձեռք է բերել նաև դպրոցին պատկանող 863,34 քմ. Հողատարածքը:
Հետագայում 575 քմ և 863,34 քմ մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են մեկ հասցեում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:
Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ