Ավագ Հարությունյանի կարծիքով` խնդիրը բաղկացած է երկու մասից, առաջին` արդյոք կարո՞ղ ենք դա իրականացնել և երկրորդ` արդյո՞ք պետք է դա իրականացնել։ Ըստ նրա` ծրագրի իրականացումն իրատեսական է, քանզի նախորդ տարվանից կուտակվել է մեծ քանակությամբ խաղողի սպիրտ, որովհետև իսկապես ստացվել էր մեծ քանակի բերք, ու կառավարությունն էլ խոստացել է աջակցել սպիրտ արտադրողներին, որպեսզի խաղողը մթերեն և սպիրտը արտահանեն։
«Պետական քաղաքականությունը մինչ այդ ուներ հակառակ տրամաբանություն, այսինքն` ամեն ինչ արվում էր, որ նման բան չլիներ։ Այժմ պետք է հասկանալ, թե որտեղ է վերջանում ճշմարտությունը և որտեղ է սկսվում արտադրողին հաճոյանալը, որովհետև մենք այնքան փոքր ենք, որ իրավունք չունենք սպիրտ արտահանել, քանզի արտահանված սպիրտի պատճառով կորցնում ենք աշխատատեղեր ու հարկեր։ Բացի դրանից, խաղողի սպիրտի արտահանումը հանգեցնում է նաև զեղծարարության մեծացման»,– նշեց Գինու ազգային կենտրոնի նախագահը։
Հարությունյանի տեղեկացմամբ` գործընթացը մեկնարկեց ու թափ հավաքեց մինչև Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալը և նույնիսկ Հայաստանի համար հասավ վտանգավոր չափերի, դրան զուգահետ մեր երկիր էր ներկրվում սպիրտ, կեղծվում էր հայկական կոնյակը, և Հայաստանը դառնում էր զեղծարարության աղբյուր` կորցնելով բյուջետային միջոցներ։
«Հեղափոխությունից հետո նույնը բացատրեցինք գործող իշխանություններին, և իրենք հասկացան։ Որպեսզի անցյալ տարի խաղողը չմնա վազերին, կառավարությունը փորձեց մեղմել արտահանման նկատմամբ բացասական հետևանքները` իջեցնելով տուրքերն ու թույլատրելով, որ բերքն արտահանվի։ Դա, որպես մեկանգամյա գործիք, տրամաբանված էր, սակայն որպես պետական քաղաքականություն, շատ վտանգավոր է»,– նշեց Գինու ազգային կենտրոնի նախագահը։
Հարությունյանը բացառեց վերահսկման արդյունավետությունը, որովհետև շուրջ 70 տարի փորձում են գործընթացը վերահսկել, բայց դեռ ցանկալի արդյունք չկա։ Ըստ նրա` անհրաժեշտ է ոչ թե վերահսկել, այլ ֆինանսական մեթոդներով ու նախապայմաններով դարձնել ոչ ձեռնտու, և եթե սկզբում դա հաջողվեց անել, ապա հիմա տեղի է ունենում հակառակ գործընթացը։
ՌԴ–ն գինու ու կոնյակի համար նոր օրենք է մշակել, որը «շշի մեջ է մտցնում» հայ արտահանողներին
Հարությունյանի դիտարկմամբ`փոխանակ արտահանման տուրքի փոխհատուցման գումարները գնան գործարանների վերանորոգմանն ու վերազինմանը, ծախսվեն հարկային ռեսուրսների ու աշխատատեղերի վրա, մենք նպաստում ենք, որպեսզի կորսվեն բյուջետային միջոցներ ու աշխատատեղեր։
Գինու ազգային կենտրոնի նախագահի համոզմամբ` եթե պետք է ծրագիրն իրականացվի ընդամենը մեկ–երկու տարի, ապա միայն այդ դեպքում դա խնդրահարույց չէ. հասկանալի է, որ մեզ մոտ համավարակի ու պատերազմի պատճառով առաջացել է ֆորսմաժորային իրավիճակ։
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն այս տարի 900 միլիոն դրամ կհատկացնի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար, որը 9 միլիոն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է։