ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր։
«Եվ անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև ղարաբաղցիների դեմ»,– շեշտել է նա։
Սարգսյանը խոսել է իր հեռանալու պատճառների և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու մասին։
«Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին՝ հասկանալով հանդերձ, որ դժվար է և այլն: Ու նաև հիմա էլ ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Ես ելնելով աշխարհաքաղաքական իրողությունից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային գործընթացում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական են լինելու մեր երկրի համար։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը ստանալ այդպիսի ընթացք։ Որևէ նախադրյալ չկար», - ասել է Սարգսյանը:
Նա պատասխանել է այն շահարկումներին, թե ՀՀ վարչապետն իր «նախագիծն» է։
Տիգրան Քեոսայան․ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն անգամ Փաշինյանով չես ոչնչացնի
«Ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա պաշտպանության նախարար էի, և բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում խնդիրներ ունեցանք։ Այդ խնդիրները մանիպուլացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով, ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլև իմ մարտական ընկերներին։ Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք 90–ականների վերջին`դատարանում, և երրորդ անգամ հանդիպել ենք 2018 թվականին «Մարիոթ» հյուրանոցում։ Որևէ այլ կապ չի եղել, նույնիսկ միջնորդավորված կապ չի եղել։ Ֆիզիկապես ես այդ մարդուն տեսել եմ 3 անգամ։ Ինչ վերաբերում է, որ կապիտուլյանտը իմ նախագիծն է, դա ուղղակի զավեշտ է, ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն։ Նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից», - ասել է Սարգսյանը:
Արտահերթի թեման փակված չէ. Ծառուկյանն ասել է`ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին
Երրորդ նախագահի խոսքով` կապիտուլյանտին ընտրել է ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ։
«Եվ բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք, փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին, պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել, պարզ էր, որ դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ՝ մնացած բոլոր հարցերում, կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել», - նշել է Սարգսյանը:
Հիշեցնենք` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն օրերս հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը մտադիր է այսուհետ ավելի հաճախ հանդես գալ մամուլի ասուլիսներով ու հարցազրույցներով։