ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել Տերյան փողոցի «Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտ։
Փետրվարի 8-ին, ժամը 00:40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ այդ քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու: Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 21-ամյա Արտյոմ Բ.-ն է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակահարության պատճառը եղել է այն, որ Արտյոմ Բ.-ն հեռախոսային SMS հաղորդագրություններ է ուղարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Ն. Կ.-ին, վերջինս էլ այդ մասին հայտնել է իր երկվորյակ եղբորը՝ Նարեկ Կ.-ին: Եղբայրը Արտյոմ Բ.-ին ասել է, որ չփորձի շարունակել հաղորդագրություններ ուղարկել քրոջը, սակայն Արտյոմը շարունակել է հաղորդագրություններ է ուղարկել: Այդ մասին իմանալով` Նարեկ Կ.-ն հանդիպման է հրավիրել Արտյոմ Բ.-ին, որի ժամանակ էլ վիճաբանություն է ծնվել և Նարեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտյոմ Բ.-ին:
Լարսում 350 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված. Հայաստանում ևս կան փակ ճանապարհներ
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Նարեկ Կ.-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ: