ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքում փոփոխություններ են կատարվել։ Հյուպատոսական ընդունելությանը համար ներկայացված դիմումների մեծ քանակի պատճառով 3 ամիս առաջ գրանցվելու հնարավորություն կտրվի 2021 թվականի փետրվարի 11-ից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Համապատասխան հղումները հրապարակված են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կայքի «Հյուպատոսական հարցեր» բաժնում։ Ընդ որում` ծննդյան, մահվան վկայականների ու Ռուսաստանի Դաշնություն մուտքի (վերադարձի) վկայականների ձևակերպման հարցերով ընդունելությունը ժամանակավորապես, բացառության կարգով կիրականացվի առանց էլեկտրոնային հերթում գրանցվելու», - նշված է հաղորդագրության մեջ:
2021 թվականի փետրվարի 11-ից նշված փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է նամակ գրել հյուպատոսական բաժնի էլեկտրոնային հասցեին (consarmenia@mid.ru)՝ պարտադիր նշելով դիմողի ազգանունը, անունը, հայրանունը և հեռախոսահամարը:
Դեսպանատունը զգուշացնում է, որ հյուպատոսական ընդունելությունն իրականացվում է սանիտարական-համաճարակաբանական անվտանգության պահանջների խիստ պահպանմամբ։ Այցելուները պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով և համապատասխան սոցիալական հեռավորություն պահպանեն։