Արամ Սարգսյանի դիտարկմամբ` Ադրբեջանը կարողանում է հասնել իր նպատակին մի շատ պարզ պատճառով, որովհետև Հայաստանն այսօր անգամ ԵԱՏՄ–ի շրջանակում որևէ կշիռ չունի և որևէ դիմադրություն ցույց տալու ցանկություն էլ չունի։
«Հայաստանը պարտավորություններ է ստանձնել, հետևաբար չի առարկում ցանկացած քայլի, որը կատարում է Ադրբեջանը։ Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ երկիրն իր հեղինակությունը կորցնում է ոչ միայն պատերազմում պարտվելուց հետո, այլև այն ժամանակ, երբ պետք է մտածել հետպատերազմյան իրավիճակից դուրս գալու մասին։ Ինձ որևէ մեկը չի կարող համոզել, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է լուրջ ծրագրեր, ընդամենը լծվել են դատավորներ փոխելու, նոր դատարաններ ստեղծելու գործին»,– նշեց ՀԴԿ նախագահը։
Սարգսյանի գնահատմամբ` Ադրբեջանն այժմ ունի բոլոր հնարավորությունները ԵԱՏՄ–ի կազմում ընդգրկվելու համար ու նաև այդ կերպ նվաստացնի Հայաստանին։ Ըստ նրա` եթե Հայաստանն այս հարցում էլ չի կարողանալու առարկել, ապա ավելի վատ մեզ համար։
«Նախապես հայտնել էին, որ մոնիթորինգային խմբում ընդգրկվելու են Ռուսաստանն ու Թուրքիան, բայց հանկարծ այդտեղ հայտնվեց նաև Ադրբեջանը, իսկ Հայաստանը չկա։ Այսինքն` ագրեսորը հետագայում պետք է դիտարկի զոհին, թե ինչ է անում վերջինս առկա պայմաններում։ Մենք նույնիսկ մեր տարածքներում չենք կարողանալու ինքնուրույն քայլեր կատարել։ Այդ դեպքում Հայաստանն ինչպե՞ս է առարկելու Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ–ին»,– նշեց ՀԴԿ նախագահը։
Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարբեր տեղերում ներկայացնել Հայաստանը, Սարգսյանն ընդգծեց, որ դա մեր մեղքն է, այն խավերի, որոնց նախկին իշխանությունները թույլ տվեցին այստեղ ձևավորվել որպես ցանցեր և որոնք էլ հանդիսանում են այսօրվա իշխանության հենարանը։ Այնուամենայնիվ, Սարգսյանի համոզմամբ` դա երկար չի տևելու, որովհետև այսպիսի նողկալի վիճակ Հայաստանն ու հայ ժողովուրդը երբեք չեն ունեցել։
ՄԻԵԴ-ը Հայաստանից և Ադրբեջանից 241 գերիների մասին հարցումներ է ստացել․ 228-ը հայ են
ՀԴԿ նախագահը հորդորեց պատմությունը վերստին կարդալ և տեսնել, թե նման խնդիրներն ինչպես են լուծվել նախկինում։