ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի` միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։
Պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Արդյունքում, ստացվել է այնպես, որ Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Այս բնակավայրերում Մեղրի համայնքի բնակչության մեծամասնությունն է:
Պաշտպանին խնդրի առնչությամբ անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Մեղրի համայնքի ղեկավարը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությունն այդ ահազանգերը ստացել է Մեղրի համայնք 2021թ. հունվար ամսին կատարած այցի ընթացքում:
«Հարցն այն է, որ Մեղրի համայնքի բնակավայրերի խմելու և ոռոգման ջուրը մշտապես ապահովվել է «Մեղրի» գետի հաշվին: Զվարագետ կամ Այրիջուր վտակը սկիզբ է առնում ծովի մակերևույթից մոտ 3,500մ. բարձրությունից՝ Զանգեզուրի լեռների հարավարևելյան լանջերից ու հետո միանում է Մեղրի մայր գետին: Ձնհալների շնորհիվ յուրաքանչյուր տարվա մոտ օգոստոս ամսից սկսած Զվարագետը դառնում է ջրառատ, որի շնորհիվ էլ մշտապես ապահովվել է խմելու և ոռոգման ջրի լիարժեք մատակարարումը Մեղրի համայնքի նշված բնակավայրերի համար: Առանց դրա Մեղրի գետն ապահովում է միայն յուրաքանչյուր տարվա սկզբից մինչև հունիս-հուլիս ամիսների ջրամատակարարումը ու հետո դառնում է խիստ սակավաջուր, իսկ Մեղրի քաղաքի հատվածում գետն առհասարակ ցամաքում է: Այս կերպ նաև լուրջ վնասներ են պատճառվել արդեն Մեղրի համայնքի շրջակա միջավայրին»,– գրում է Թաթոյանը:
Գեղարքունիքում անհանգիստ են. կենդանիները կարող են անցնել Ադրբեջանի կողմ
Բնակիչները և Մեղրի համայնքի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով փոխում են վտակի հունը դեպի Նախիջևան:
Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի այս դիտավորյալ գործողությունների հետևանքով լուրջ խնդիրներ են առաջ գալիս յուրաքանչյուր տարի օգոստոսից սկսած Մեղրի և Ագարակ քաղաքների, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերի բնակիչների համար՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ:
ՄԻՊ–ի խոսքով` այս ամենն արվում է մարդկանց կյանքի համար իրական վտանգավոր ուժի սպառնալիքով, քանի որ Մեղրի գետի Զվարագետ վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ ու հսկվում է նրանց կողմից:
Ադրբեջանական զինված ուժերի ու որ նույնն է՝ իշխանության մարմինների այս արարքներով կոպտորեն խախտվում է միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված Հայաստանի Մեղրի համայնքի բնակիչների համար կենսական կարևորություն ունեցող, այն է՝ ջրի իրավունքը:
Թաթոյանը հիշեցնում է, որ ջրի իրավունքը երաշխավորված է միջազգայնորեն: Այս իրավունքը ներառում է մարդու իրավունքն ունենալու բավարար և շարունակական ջուր թե՛ խմելու, թե՛ կենցաղային նպատակների (ոռոգման, հիգիենայի և այլն) համար: Ընդ որում`, պետք է լինի ջրից օգտվելու անվտանգ հնարավորություն ու լիարժեք հասանելիություն: Այս իրավունքն ունի բացառիկ արժեք ու ընկած է մարդու կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության ու մասնավոր կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների հիմքում:
Այս իրավունքն այնքան հիմնարար է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ջրի և սանիտացիայի իրավունքը հռչակել է համաշխարհային կայուն զարգացման նպատակ՝ հաշվի առնելով ջրի հիմնարար, անփոխարինելի նշանակությունը մարդու զարգացման ու կյանքի կազմակերպման համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս իրավունքը բնորոշել է՝ որպես հազարամյակի զարգացման նպատակ:
ՄԻՊ–ը շեշտում է` Ադրբեջանի զինված ուժերի նկարագրված արարքները կոպտորեն խախտում են նաև «Անդրսահմանային ջրաահոսքերի և միջազգային լճերի օգտագործման և պահպանության» մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ընդունված կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր:
Այժմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են Հայաստանի բնակիչների միջազգայնորեն բացարձակ երաշխավորված խմելու և ոռոգման ջրի իրավունքը ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար լրջորեն խախտելու առնչությամբ վերլուծություններն ու գնահատականները, որոնք կուղարկվեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին:
«Խոշտանգեք սպանելուց առաջ». Թաթոյանը հրապարակել է ադրբեջանցիների հայատյաց գրառումները