ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik․ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր Ռոման Ամոյանն իր մարզական կարիերան ավարտեց 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո։ Բայց գորգի վրա Ամոյանները հիմա էլ ունեն ներկայացուցիչ։ Հորեղբոր գործը պատվով շարունակում է Մալխաս Ամոյանը։ Տարբերությունը առայժմ միայն քաշային կարգում է։
Covid -19-ի պատճառով հայտարարված տասը ամսվա ընդմիջումից հետո 2020 թվականի դեկտեմբերին ըմբիշները դուրս եկան մրցագորգ աշխարհի անհատական գավաթի մրցաշարում։ Մալխաս Ամոյանն այդ մրցաշարում 72 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալը։
Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից միայն Մալխաս Ամոյանին հաջողվեց հասնել մինչև եզրափակիչ, որտեղ նա շատ լավ հնարավորություն ուներ նաև նվաճելու հաղթողի կոչումը, բայց 1։1 հաշվի ժամանակ, մրցակցին պոկելով գորգից, Մալխասին չհաջողվեց վճռական գցումը կատարել։ Ու քանի որ վերջին միավորը վաստակել էր հունգարացի Բալինտ Կուրպաշին, 1։1 հաշվի պայմաններում հաղթանակը շնորհվվեց մրցակցին։
Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան
«Հոգեբանորեն մեզ համար շատ դժվար էր։ Պատերազմի ընթացքում շատ ծանր օրեր ենք ապրել` ամեն օր սպասելով լավ լուրի։ Իհարկե, դա ազդել էր մեր պատրաստվածության վրա։ Բայց մրցումների ընթացքում ամեն կերպ փորձում էինք զսպել մեր զգացմունքներն ու մտածել միայն գոտեմարտելու մասին։ Անպայման ուզում էի մի արդյունքի հասնեմ, որ ուրախացնեմ մեր ժողովրդին»,- ասում է Մալխաս Ամոյանը` հավելելով, որ ուզում է, որ միշտ խաղաղություն լինի։
Տիտղոսակիր ուղեկիցը
Համարյա բոլոր մրցումներում Մալխասի կողքին է Ռոման Ամոյանը։ Բազմաթիվ ու հնչեղ հաղթանակների հասած փորձառու հորեղբայրը Մալխասի մարտավկան է և հաղթանակների ուղեցույցը։
«Մալխասը փոքր էր, բայց արդեն զգացվում էր, որ ըմբշամարտիկ է դառնալու։ Ժամերով հեռուստացույցի դիմաց ըմբշամարտ էր նայում։ 4-5 տարեկան էր դեռ, բայց իրեն հետաքրքրում էին, ոչ թե խաղալիքները, այլ ըմբշամարտը։ Մի անգամ էլ, երբ մրցումներից տուն եկա, հագավ մարզահագուստս ու դրանով էլ քնեց»,- մեզ հետ զրույցում հիացմունքով հիշում է Ռոման Ամոյանը։
Ռոմանը ծիծաղելով պատմում է, թե ինչպես է ապագա ըմբիշն իր առաջին քայլերը կատարել մարզաձևում։ Պարզվում է`դա եղել է ոչ թե մարզադահլիճում, այլ տանն ու սովորական բարձի հետ։
«Մալխասը շատ փոքր էր, բայց լավ գիտեր, թե ես ում հետ եմ գոտեմարտել։ Ու հագնելով իմ տրիկոն` վերցնում էր բարձն ու, նրանց անունները տալով ,անընդհատ փորձում էր գցումներ կատարել։ Մալխասին գեներով է փոխանցվել սպորտի հանդեպ սերը։ Իմ քեռիներն են եղել ըմբշամարտիկ, հետո ես ու եղբայրներս, հիմա էլ հաջորդ սերունդն է»,–պատմում է Ռոմանը։ Նա հիշում է, որ 6 տարեկանում Մալխասն իր առաջին մրցման ժամանակ արդեն իսկ նմանակում էր իրենց` փորձելով անել հնարքներ, որոնք ոչ ոք իրեն չէր սովորեցրել։
Հաղթելու անհագ ցանկությունն ու Ամոյանների մարտաոճը
Խոսելով իր գոտեմարտերի ու հաղթանակների մասին` Մալխաս Ամոյանն ասում է, որ միշտ ամեն բան անում է հայ ժողովրդին հաղթանակի բերկրանքը պարգևելու համար։ «Մարզիչներիս, հորեղբորս ու հորս հետ միշտ վերլուծում ենք անցկացրածս գոտեմարտերը։ Անկախ ցուցադրած արդյունքից` ձեռք բերածով երբեք չեմ բավարարվում։ Դա միգուցե Ամոյանների ընտանիքի կրեդոն է։ Կարելի է ասել` դա ինձ առաջնորդող կարգախոսն է»,- նշում է Մալխասը։
Զրույցի ընթացքում Մալխաս Ամոյանը, ժպիտով նայելով հորեղբոր դեմքին, ասում է, որ շատ հնարքներ է կրկնօրինակել նրանից, բայց դրանցից մեկը ոչ մի կերպ չի կարողանում այնքան լավ իրագործել, ինչքան Ռոման Ամոյանը։
«Ես չեմ կարողանում հորեղբորս նման հավաքել մրցակցի ձեռքբերը, որից հետո մրցակիցը թակարդում է հայտնվում։ Ձգտում եմ հասնել դրան։ Բայց չորեքթաթ դիրքից հակադարձ բռնվածքով նրան շատ նման եմ գործում։ Պոկելով մրցակցին գորգից` արդեն մտածում եմ գեղեցիկ գցում կատարելու մասին»,–ասում է Մալխասը։ Նա ընդունում է, որ հաջողության հասնելու համար անդադար աշխատել է պետք, անգամ եթե արդեն մի քանի մեդալ ու տիտղոս ունես։
Հիշարժան գոտեմարտերը
Կան գոտեմարտեր, որոնց մասին միշտ հաճելի է հիշել և պատմել։
«2019թ.–ին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում պարտվում էի ռուս ըմբիշին, բայց չգիտեմ ինչու` ներքուստ հավատում էի, որ հաղթելու եմ։ Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ հաշիվը 2։4 էր`ի օգուտ մրցակցիս, բայց ոգևորվելով մեր գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ու Ռոման Ամոյանի բարձրաձայն «գնա- գնա» գոռոցներից, կարողացա վերջին վայրկյաններին կորզել հաղթանակը 5։4 հաշվով»,–պատմում է Մալխասը։ Նա հաճույքով է հիշում նաև հորեղբոր` 2006 թվականի գոտեմարտը, որը լարված դիտում էին ամբողջ ընտանիքով։
Պատանի հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մոսկվայում
Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում Ռոման Ամոյանը տպավորիչ հաղթանակ տարավ ու դարձավ աշխարհամասի չեմպիոն։
Ռոման ու Մալխաս Ամոյանները զրույցի վերջում հիշեցին Արցախյան պատերազմում զոհված իրենց ընկերներին, ծանոթներին։ Մալխասը խոստացավ` ամեն բան անելու է, որ իր հաղթանակներով միշտ բարձր պահի նրանց հիշատակը։