ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կվերադառնա Հայաստանը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը
«Կորոնավիրուսից ապաքինվող նախագահը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իր մտահոգությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու, խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշումն ու մոտեցումները նախագահ Սարգսյանը բազմիցս արտահայտել է քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների, առանձին անհատների հետ հանդիպումների, ինչպես նաև ելույթների ու հարցազրույցների ընթացքում:
Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, ՀՀ նախագահը կշարունակի քննարկումները:
Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։
Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 26-ին մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը բուժումը շարունակում տնային պայմաններում։
Կորոնավիրուսով է վարակվել նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։
Հավելենք, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել։