ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Իտալիայի Ա սերիայի հաջորդ մրցափուլում «Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումն առանձնահատուկ է լինելու, սակայն «գայլերը» ժամանակ ունեն պատրաստվելու, հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Ժամանակ ունենք պատրաստվելու համար: Գիտենք՝ առանձնահատուկ խաղ է լինելու»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Մեկնաբանելով 20-րդ մրցափուլի հանդիպումը «Վերոնայի» հետ, երբ «Ռոման» հաղթեց 3-1 հաշվով, «գայլերի» կիսապաշտպանը նշել է, որ պայքարել հնարավոր է ցանկացած թիմի դեմ։
«Ամեն հանդիպման ժամանակ մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք և պետք է մնանք մրցաշարային աղյուսակի վերնամասում: Հեշտ խաղեր չկան: Գիտենք, որ պետք է պայքարենք ամեն թիմի դեմ մինչև վերջ: Կտեսնենք՝ որտեղ կլինենք վերջում»,-ասել է Մխիթարյանը։
«Գոլ+փոխանցում» համակարգով Հենրիխ Մխիթարյանն ու «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 17-ական միավորով լավագույնն են իտալական Ա սերիայում։ Մխիթարյանը խփել է 9 գոլ, կատարել 8 փոխանցում, Ռոնալդուն՝ 15 գոլ, 2 փոխանցում։