ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Պաշտոնական Երևանն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման պայմանագրի երկարաձգմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից։
«Հայաստանը ողջունում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման միջոցառումների մասին (ՌՀՍ-3) պայմանագիրը 5 տարով երկարաձգելու որոշումը։ Հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունը հուսալի հիմք կհանդիսանա սպառազինությունների վերահսկման ոլորտում մեխանիզմների ամրապնդման հետագա քայլերի ու ամբողջ աշխարհում կայունության ապահովման համար»,-նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը պայմանավորվել են երկարաձգել 2010-ի մայիսին ստորագրված ու 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականը։
Ըստ պայմանագրի՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է կրճատեր իր միջուկային զինանոցն այնքան, որ յոթ տարի անց միջմայրցամաքային, սուզանավերի ու ծանր ռմբակոծիչների բալիստիկ հրթիռների գումարային քանակը չգերազանցի 700-ը, մարտական գլխիկները՝ 1 550-ը, տեղադրված ու չտեղադրված մեկնարկային սարքերը՝ 800-ը։
ԱՄՆ-ի հետ սպառազինությունների պայմանագիրը կերկարաձգվի Մոսկվայի պայմաններով. Ռյաբկով