ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների` հունվարի 30-ին ՌԴ–ում նախանշված հանդիպման օրակարգը հունվարի 11-ին Մոսկվայում ընդունված հայտարարությունն է։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս պահին ավելի հստակեցում կամ կոնկրետացում չունենք։ Կհանդիպենք, կտեսնենք։ Այս պահին մենք հունվարի 11-ի հայտարարության ու մասնավորապես` դրա 4-րդ կետի շրջանակում ենք լինելու»,– ասաց Գրիգորյանը։
Հունվարի 11-ին ընդունված հայտարարության 4-րդ կետը նախատեսում է, որ մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերը` ամենաբարձր մակարդակով պետք է հաստատման ներկայացնեն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Խոսելով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին` փոխվարչապետ Գրիգորյանը նշեց, որ աշխատանքը շատ բարդ է, հարցն ունի բազմաթիվ բաղադրիչներ` այդ թվում ու նախ և առաջ` անվտանգության։
«Վստահ եմ, որ խնդրի լուծման համար բոլոր այդ բազմաթիվ բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձևավորվի համակարգ, որն իրոք կաշխատի»,– ասաց փոխվարչապետը։
Նա նաև շեշտեց, որ առաջադրված նպատակների իրականացման համար կողմերի միջև պետք է լինի փոխադարձ վստահություն։
Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից
Կա, թե ոչ՝ Մհեր Գրիգորյանը դժվարացավ պատասխանել, քանի դեռ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ չի հանդիպել։
Հիշեցնենք` հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր հայտարարություն` որպես լրացում 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության։
Հունվարի 11-ի հայտարարության բոլոր 4 կետերը վերաբերում են նոյեմբերի 9-ի հայտարարության` տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետին։