ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. 2020թ. հունվարի 22-ին Արցախի կառավարության շենքում կայացել է Արցախի առողջապահության նախարարի հրավերով Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Արցախ ենք եկել փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։ Նպատակը տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն, այսպես ասած, հետախուզական բնույթ ունի»,–ասել է հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանը։
Նրա խոսքով` առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են գործնական առօրյայի մի մասը։
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն էլ նշել է, որ իր հրավերով ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ ժամանած բժիշկների խումբն ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ Արցախում ներդնելու պատրաստակամություն:
Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելել են Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորում: