ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ միայն համահայկական ջանքերի միջոցով է հնարավոր լինելու վերականգնել ու զարգացնել Արցախը, և այդ առումով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համակարգված աշխատանքը պարտադիր պայման է: Հարությունյանը նման կարծիք է հայտնել` ընդունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայրենիք-սփյուռք հարաբերություններին, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:
«Հարությունյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով պատերազմի հետևանքներով պայմանավորված հայկական սփյուռքի տրամադրությունները՝ միաժամանակ ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել Արցախում սեփական ապագան կառուցելու նպատակ ունեցող տասնյակ հազարավոր արցախցիներին աջակցելու անհրաժեշտության վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի բնակֆոնդի հարցը կլուծվի 1-3 տարում. Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
Սինանյանն իր հերթին նշել է, որ ինչպես միշտ, արցախահայությունը միայնակ չէ, և կենսական նշանակության բոլոր խնդիրների լուծման գործում համապատասխան միասնական աշխատանքներ են իրականացվելու:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք, որ Արցախի կառավարության տվյալներով` պատերազմի հետևանքով շուրջ 40 000 արցախցի է զրկվել տանիքից։ Սրանք այն բնակիչներն են, որոնց տները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած տարածքներում։
Արցախցիների հերթական խումբը հասավ Ստեփանակերտ․ հայտնի է վերադարձածների ընդհանուր թիվը