ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Հայկական «Expper Technologies» ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է «Golden Kitty Award 2020» տարվա լավագույն պրոդուկտների ցանկում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Ռոբին ռոբոտը լավագույն պրոդուկտների ցանկում է ներառվել, ի թիվս հանրահայտ Apple MacBook Pro, Iphone, PlayStation 5 և այլ պրոդուկտների»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը։
Նա հորդորել է քվեարկել հայկական պրոդուկտի օգտին, որի արդյունքում այն կարժանանա «Golden Kitty Award 2020» մրցանակին։
2020 թվականին Ռոբինն արժանացել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դրամաշնորհին, իսկ այն ստեղծած ընկերությունը` «Վիրտուալ կամուրջ» նախագծի շրջանակում ճանաչվել հաղթող ընկերություն։
Ռոբինը դառնում է հիվանդանոց տեղափոխված երեխաների ընկերը, օգնում է նրանց ուրախանալ ու հաղթահարել անհանգստությունը, ռոբոտը մտապահում է երեխաներին, որոնց հետ շփվում է, ու յուրաքանչյուրի հետ խոսելիս հիշում է՝ ինչ հիվանդություն ունի երեխան ու ինչի մասին է խոսել։
«Golden Kitty Awards»-ը յուրօրինակ տեխնիկական ապրանքների և ծրագրերի մրցանակաբաշխություն է, որն անցկացվում է ամեն տարի։ Օրինակ` նախորդ տարվա հաղթողապրանքների ցանկում էր MacBook Pro համակարգիչը։