ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ առաջիկայում քրեական գործերի քննության արագությունը կմեծանա, կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը։ Բադասյանը նման գրառում է արել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին։
«Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը»,–գրել է նախարարը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն տասը դատավոր։ Բադասյանը հայտնում է, որ այս թվերը վերջնական չեն։ Նրա խոսքով` նշանակվող բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում կամ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, վեթինգ։
Նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը կասկածի տակ չպետք է դրվի. Փաշինյան
Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել էր ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքն ու հարակից օրենքների փաթեթը։ Դրա համաձայն` ստեղծվելու է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ, և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում պետք է կատարվի։