Արմեն Մկրտչյանն ընդգծեց, որ միշտ էլ լինում են քննարկումներ, և այս անգամ էլ որոշ լրատվական միջոցներ, կայքեր փորձեցին որոշ գնահատականներ տալ։ Մկրտչյանի տեղեկացմամբ`նույնիսկ որոշներն ասում էին, որ առանձին հեռուստաընկերություններ չեն ստանա արտոնագիր, մի քանի օր շարունակ եղան շահարկումներ, սակայն այսօր կայացած քվեարկությունը, մրցույթն ինքնին ցույց տվեց, որ նախապես տարածված տեղեկություններն այդքան էլ ճիշտ չէին։
«Ես երկու անգամ, որպես հանձնաժողովի անդամ, մասնակցել եմ մրցույթի. մեկը երկու տարի առաջ, որն առնչվում էր ռադիոհաճախականություններին, մյուսը` տասը տարի առաջ, որն առնչվում էր մուլտիպլեքսին։ Իմ մասով միանշանակ կարող եմ ասել, որ որևէ միջամտություն ո՛չ նախորդներին, ո՛չ էլ այս մրցույթին չի եղել։ Եղել է զուտ պարտավորություն` աշխատել օրենքով և հնարավորինս օբյեկտիվ գնահատական, միավորներ տալ ինչպես գործող, այնպես էլ նոր հեռուստաընկերություններին։ Միգուցե իմացել են, որ ճնշումների չենք տրվում, դրա համար էլ չեն ճնշել»,– նշեց ՀՌՀ անդամը։
Մկրտչյանի դիտարկմամբ` հանձնաժողովում կարող են լինել տարբեր մոտեցումներ, յուրաքանչյուրն ունի իր առողջ սուբյեկտիվիզմն օրենքի շրջանակներում, ուստի կարծիքները կարող են տարբերվել, իսկ ինչ վերաբերում է մրցույթի արդյունքների առթիվ հնարավոր բողոքներին, ապա ՀՌՀ անդամն ընդգծեց, որ մրցույթն անցկացվել է մի քանի ժամ առաջ, և հեռուստաընկերությունները նույնիսկ դեռ չեն ստացել որոշումները, որպեսզի ուսումնասիրեն, ուստի չբացառեց, որ ստանալուց հետո օրենքի համաձայն, եթե լինեն բողոքներ, պետական մարմնի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել վարչական դատարանում։
Ո՞ր ՀԸ-երը հանրապետական ու մայրաքաղաքային սփռում ստացան. հայտնի են մրցույթի արդյունքները
Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում առաջիկա 7 տարին հանրապետական սփռման հնարավորություն ստացան «Արմենիա ԹԻՎԻ» ՓԲԸ-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, Ա ԹԻՎԻ ՍՊԸ-ն, «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ-ն, իսկ մայրաքաղաքային սփռման սլոթերում լինելու հնարավորություն ստացան «Շարկ» ՍՊԸ-ն (5-րդ ալիք), «Արմնյուզ» ՓԲԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, «Արփի մեդիան», Դար 21-ը, «Մո ԹԻՎԻ»-ն: