ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` Facebook սոցցանցի իր էջում գրառում կատարելով։
«ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես` ծրագրի իրականացման նպատակով ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ հարուցվել է քրգործ։ Խոսքը պետբյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից 8.3 մլն դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու մասին է»,–նշված է գրառման մեջ։
Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։ Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Նշենք, որ «Կրթության գերազանցության ազգային ծրագիրի» մեկնարկը տրվել է 2014 թվականին, երբ «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսել է տասնամյա լայնածավալ կրթական նախաձեռնություն։ Դրա նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգայնորեն մրցունակ այլընտրանքային դպրոցական կրթական ծրագիր և ստեղծել համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ուսուցիչների համայնք:
«Այբ» դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Դավիթ Յանը պատասխանեց կրթության նախարարին
Հիշեցնենք, որ դեռ 2018-ին կրթության և գիտության այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանն «Այբ» կրթական հիմնադրի համահիմնադիր և դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանային անվանել էր մարդ, որն ամենամեծ վնասն է հասցրել կրթական համակարգին։
Դրանից հետո «Արարատյան բակալավրիատի» համար ֆինանսական աուդիտ անցկացվեց։ Ամիսներ անց, սակայն, երբ ավարտվեց աուդիտը, որևէ չարաշահում այնտեղ չհայտնաբերվեց։