ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Շուշիից ոչ հեռու վթարի է ենթարկվել Ադրբեջանի Զինված ուժերի ծառայողներին տեղափոխող ավտոմեքենան։ Ինչպես հաղորդում է Sputnik Ադրբեջանը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հունվարի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է Բեյլագանի շրջանի Շաֆագ գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Յագուբով Հասան Հուսեյն օղլուն։ Եվս երկու զինծառայող, որոնց անունները չեն նշվում, վիրավոր են։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Յագուբովը մասնակցել էր Ջաբրայիլի մարտերին և պարգևատրվել էր շքանշանով։
Տեղի ունեցած ՃՏՊ-ի մանրամասները պարզելու համար հետաքննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Արցախի` Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքում ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել է 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը։ Ադրբեջանցին մահացել է ստացած ծանր վնասվածքներից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, գումարտակի հրամանատար, մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։
Հիշեցնենք, հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Իսկ ավելի վաղ` 2020թ.–ի դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։