10-ամյա Ծովինարն իր 8 քույրերի ու եղբայրների հետ Գյումրի է տեղափոխվել Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղից: Ճիշտ է, հայրը ծնունդով գյումրեցի է, բայց Գյումրին մինչ այս երեխաները չէին տեսել։ Ծնողները տարիներ առաջ բնակության էին մեկնել Արցախ, իսկ հիմա, քանի որ թշնամին գրավել է գյուղը, ստիպված վերադարձել են հայրական ծննդավայր ու ժամանակավոր ապաստան գտել նախկին թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում:
«Ճիշտ է, հայրս գյումրեցի է, բայց բարբառը չէի հասկանում, դրա համար էլ սկզբում չէի սիրում Գյումրին, հիմա արդեն հասկանում եմ ու նաև շատ ընկերներ ունեմ այստեղ»,-ասում է Ծովինարի եղբայրը՝ 15-ամյա Ռազմիկը:

Երեխաները Գյումրիում ոչ միայն հասցրել են ընկերներ ձեռք բերել, այլև՝ սիրած զբաղմունք:
Արդեն մի քանի օր է, ինչ քրոջ, եղբոր ու մի քանի այլ արցախցի երեխաների հետ Ծովինարը հաճախում է Գյումրու «Մտորումների թատրոն». մի քանի օրից պատրաստվում է առաջնախաղի Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» ստվերային ներկայացման մեջ, որտեղ ոչ միայն որպես հերոս է ներկայանալու, այլև, մի քանի ընկերների հետ, որպես դեկորների հեղինակ։ Ի դեպ, Ծովինարը երազում է նկարչուհի դառնալ։
«Արի պոնչո էնեմ». «Գյումրիկը» ժպիտներ է պարգևում
Բեմադրությունն իրականացվում է «Երիտասարդներն Արցախի փախստականների համար» ծրագրի շրջանակներում։
Մինչև Գյումրի տեղափոխվելը երեխաները թատրոն չեն գնացել, ներկայացումներ չեն դիտել, իսկ հիմա միաժամանակ թե' դերասան, թե' հանդիսատես են դառնում։ Նրանց դերասանական հմտությունները բացահայտել օգնում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ներկայացման մեջ զբաղված երեխաների նախասիրությունները տարբեր են, բայց ցանկությունը մեկն է. «Ուզում եմ բոլորն ուրախ լինեն, պատերազմ չլինի, եթե լինի էլ՝ միայն ներկայացման մեջ, իսկ երեխաներն էլ միշտ մուլտեր նայեն»,-շիկնելով ասում է պատերազմ տեսած, հարազատ տունն ու բակը թշնամուն թողած Ծովինարն ու մաղթում աշխարհի երեխաներին խաղաղ երկինք ու անհոգ մանկություն։
Ու այդ մաղթանքը որպես աղոթք է հնչում: