ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հայ ժողովուրդն ընդամենը մեկ առաջնային ակնկալիք ուներ` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն տեղի չունեցավ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա վրդովվել է, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո, իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակները մեծ հրճվանքով ներկայացրել են, որ ըստ այդ նոր համաձայնության կբացվի Հայաստանն Իրանի և Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։
«Այսինքն՝ հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայ՛ն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ չլուծվող ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված։ Էդ ինչի՞ վրա եք հրճվում...»,–գրել է Մարուքյանը։
Հանդիպումը օգտակար էր տարածաշրջանի ապագան հասկանալու համար. Պուտին
Նշենք, որ երեկ` հունվարի 11–ին, Մոսկվայում կայացավ եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց նոյեմբերի 9–ին ընդունված` ԼՂ հարցով հայտարարության պայմանների կատարումը և նոր հայտարարություն ընդունվեց։