Առաջին հերթին աչքի ընկավ սառնամանիքը։ Ձմեռն այնքան խստաշունչ է, որ նույնիսկ Գագիկ Սուրենյանն էր ստիպված «արդարանալ» կանխատեսումների ու իրական զգացողությունների չհամընկնելու համար։
Հունվարի 5-ի երեկոյան քաղաքների փողոցները լուսավորվեցին կանթեղներով ու մոմերով։ Հայ Առաքելական եկեղեցում Սուրբ ծնունդի ճրագալույցի պատարագն էր, իսկ հունվարի 6-ի առավոտյան արդեն եկեղեցիներում մատուցվեց Սուրբծննդյանը պատարագը։
Հասարակական և քաղաքական կյանք էլ էր հարուստ իրադարձություններով։ Շաբաթվա առաջին ու միակ աշխատանքային օրը՝ հունվարի 8-ին, Երևանում միանգամից երկու ակցիա եղավ։
Վաղ առավոտից ժամկետային ծառայողների ծնողները հավաքվել էին Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի շենքի մոտ ու պահանջում էին թողնել տղաներին գալ ՀՀ տարածքում ծառայությունը շարունակելու։ Նրանք չեն ուզում, որ իրենց երեխաներն Արցախում ծառայեն։
Իսկ իրավապաշտպաններն ու ընդդիմությունն ի դեմս Դաշնակցության, կոչ էին անում իրենց կողմնակիցներին հավաքվել արդարադատության նախարարության շենքի դիմաց։ Նրանց տեղեկության համաձայն՝ այնտեղ պատրաստվում է մի փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։ Ի ուրախություն հավաքվածների՝ նախարարը անձամբ եկավ ու հերքեց այդ լուրերը։
Մեր ֆոտոթղթակիցները շարունակելու են արձանագրել պահերը, որոնք շաբաթվա վերջին պատմություն են դառնալու։