Ռուբեն Մելիքյանը մատնանշեց մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ստորագրման է պատրաստվում նոր փաստաթուղթ, և եթե փորձենք դիտարկել այս պահին իշխանությունը դեռ պահող անձանց, հատկապես վարչապետի վարքագիծը, ապա կտեսնենք, որ նրանք կարծես իրենց գրառումներով, խոսքով, հոդվածներով հասարակությանը պատրաստում են նոր զիջումների, դիմում են բառախաղերի։ Ուստի Մելիքյանի համար ճշմարտանման է այն մոտեցումը, այն մտավախությունը, որ շուտով կարող է լինել նոր փաստաթուղթ։
«Այս հարցը պետք է դիտարկել նաև մեր դառը փորձի համատեքստում։ 44 օր շարունակ ստեղծվել էր «արծրունական» իրականություն, երբ մենք հաղթում էինք, մարդկանց պատրաստում էին հաղթանակի, հեշթեգներ էին հրապարակում` «Գյոռբագյոռ-2020» անվանումով, ՏԻՄ–երը ձևավորում էին կամավորական ջոկատներ, ոմանց անհասկանալիորեն տալիս էին հերոսի կոչում, իսկ հետո պարզվեց, որ նրանք ամբողջ ստորաբաժանումներ էին տարել կործանման։ Ֆեյքերի ՊՈԱԿ–ի միջոցով տարածվում էին տեսաձայնագրություններ, որ մերոնք մտնում են Շահումյան ու Գետաշեն, և հանկարծ մեկ ակնթարթում եղավ սառը ցնցուղ, նոյեմբերի 9-ին ստորագրվեց հայտարարություն»,– նշեց իրավապաշտպանը։
Մելիքյանը շեշտեց, որ չի ցանկանում երկրորդ անգամ հայտնվել նույն իրավիճակում, և քանի դեռ ամենաբարձր համոզչականությամբ հերքված չէ այն հանգամանքը, որ ստորագրվելու է նոր փաստաթուղթ, որի բովանդակությունը մեզ հայտնի չէ, ապա ինքը շարունակելու է պահանջել, որ հանրության առջև դեռ իշխանությունը պահող մարդիկ ապահովեն բարձր թափանցիկություն և հրապարակեն մեր սերունդների ճակատագրին վերաբերող փաստաթղթերը։