ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին` Նունե Սարգսյանը ևս վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, որոնք վարակվել են կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար։
«Անչափ զգացված ենք յուրաքանչյուրիդ ուշադրության համար: Աստված պահապան բոլորիս»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շուտափույթ ապաքինում էր մաղթել Արմեն Սարգսյանին։
Հիշեցնենք` հունվարի 5–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այժմ ինքնամեկուսացել է և աշխատում է հեռավար։
Նշենք նաև, որ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում ընտանիքի ու թոռնիկների հետ, իսկ հունվարի 3-ին Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: