ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Այսօր` հունվարի 3–ին`ժամը 16:00-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Գուգարք գյուղի վարչական տարածքում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանն իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և գլխիվայր շրջվել ձորակը։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում։
Կայքի տեղեկություններով՝ վթարի պահին ավտոմեքենայում է եղել նաև39-ամյա վարորդի մայրը, որը հրաժարվել է բուժօգնությունից՝ նշելով, որ ինքը չի տուժել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Կատարվում է քննություն։
Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: