ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2021 թվականին հայաստանյան մամուլը մնալու է ադրբեջանական հաքերային թիմերի թիրախում։ Հաջորդ տարվա կիբեռանվտանգության մասին նման կանխատեսում է արել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հրադադարի ստորագրելուց հետո, նոյեմբերի 10-ից բացարձակապես չդադարեցին DDoS հարձակումները հայաստանյան լրատվականների դեմ։ Դեռ երկար շաբաթներ կայքերի դեմ աշխատում էին ադրբեջանական բոտնետները։ Դա պայմանավորված է նրանով, որ չնայած կա հրադադարի պայմանագիր, սակայն բուն պատերազմի ավարտին մենք չենք հասել։ Այն շարունակվում է հիբրիդային տեսքով, և տեղեկատվական կոմպոնենտը հիմնականներից է այս պահին։ Այդ իսկ պատճառով գրոհները լրատվական կայքերի դեմ լինելու են շարունակական»,– իր կատարած ուսումնասիրության մեջ նշում է Մարտիրոսյանը։
Նրա համոզմամբ` այս հարձակումները ոչ միայն կպահպանվեն առաջիկա տարվա ընթացքում, այլև ժամանակ առ ժամանակ կուժգնանան՝ կախված քաղաքական և ռազմական գործողություններից։
Ընդ որում` DDoS հարձակումների կենթարկվեն հատկապես հայաստանյան լրատվամիջոցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները։
Մյուս վտանգը, որ Սամվել Մարտիրոսյանի կանխատեսմամբ շարունակելու է արդիական լինել թվային աշխարհում թե՛ Հայաստանի և թե՛ աշխարհի համար, կրիպտովիրուսների (ransomware) հարցն է։
Ըստ Մարտիրոսյանի` այս խնդիրը Հայաստանում լուրջ ազդեցություն ունի ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների մակարդակով, բայց չի հանրայնացվում, մինչդեռ այն անձնական տվյալների արտահոսքի շատ լուրջ վտանգ ունի։
«Այն, որ ադրբեջանական և թուրքական թիմերն ակտիվ աշխատելու են այստեղ, կարծում եմ` ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում։ Բայց աշխարհաքաղաքական զարգացումները, ներքաղաքական պայքարը, մեծ երկրների ներգրավումը տարածաշրջանում խոսում է այն մասին, որ կիբեռհարձակումները Հայաստանի տարածքում կարող են կտրուկ աճել։ Եթե 2020 թվականի սկզբին բավականին տարօրինակ էր թվում համաշխարհային ճանաչում ստացած Turla թիմի կողմից հաքերային գործողությունները Արցախի բնապահպանության նախարարության և մի շարք այլ պետական ու ոչ պետական կայքերի ուղղությամբ, ապա արդեն տարվա ավարտին այս ամենը կարող է դիտվել որպես տեղեկատվություն հավաքագրելու տրամաբանական փորձ»,– նշում է Մարտիրոսյանը։
Ավելին` նրա կանխատեսմամբ, 2021թ–ի ընթացքում հայկական վիրտուալ տարածքի նկատմամբ հետաքրքրության աճը կլինի միանգամից մի քանի հարևան և հեռավոր երկրների կողմից։ Այնպիսի երկրների, որոնք ունեն լրջագույն հաքերային ներուժ, քանի որ տեսականորեն տարածաշրջանում և կոնկրետ Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ կատարվող իրադարձությունների հանդեպ խորը հետաքրքրություն ունեն ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, այլև պարզ պատճառով` հարևան Իրանը, նաև Իսրայելը։
Մարտիրոսյանը հիշեցնում է, որ արդիական է մնում ոչ միայն ցանցային, այլև սմարթֆոնների վրա հարձակումների վտանգը։ Դրանցից խուսափելու համար փորձագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել ծրագրային թարմացումների նկատմամբ ու ժամանակին իրականացնել դրանք։