ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Էրեբունի համայնքի նախկին ղեկավարին, վերջինիս որդուն և նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էրեբունի համայնքի նախկին ղեկավար՝ Դավիթ Գրիգորյանին, վերջինիս որդուն՝ Թ.Գ.-ին, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեն նաև հրապարակել է այն տեսագրությունը, որում երևում են վերոնշված անձինք, քանի որ օրերս Էրեբունի համայնքի նախկին ղեկավարի կողմից հայտարարություն էր հնչել,որ իրենք ոչ մի ակցիայի չեն մասնակցել։
«Հարկ ենք համարում նշել, որ համացանցում լայնորեն տարածվել է տեսագրություն, որտեղ հստակ երևում է, որ համայնքի նախկին ղեկավարը ոչ միայն մասնակցում է, այլև՝ ակտիվ գործողություններ է իրականացնում:Կից ներկայացնում ենք նշված տեսագրությունը՝ անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել էր մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել էին կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել էր, և բազմաթիվ ուղևորներ չէին կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: