ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Ռուսաստանի արգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին հայտարարության կատարումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև։ Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 9–ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։