ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Այսօր`դեկտեմբերի 20-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եկեղեցիներում կմատուցվի կիրակնօրյա սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում ու Արցախում հայտարարված է եռօրյա սուգ։ Դեկտեմբերի 19-ին լրանում է Արցախում ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը։
Ավելի վաղ իշխանությունը հայտարարել էր, որ համազգային սուգ չի հայտարարվում, քանի որ դեռևս ոչ բոլոր զոհերի դիակներն ու անհետ կորածների ճակատագիրն է հայտնի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:
Դեկտեմբերի 10-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1779 զոհվածների անունները։
Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը