ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության արդյունքում հայկական կողմն ակնկալում էր անվտանգության նորմերի ապահովման որոշակի երաշխիքներ, մինչդեռ այն, ինչ ավելի քան մեկ ամիս տեղի է ունենում Արցախում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում, այդ թվում` այս պահին` Սյունիքում, ճիշտ հակառակի մասին են վկայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը։
«Մենք տեսնում ենք, որ լոկալ խնդիրներն իրենց շարունակականությունը դեռևս պահպանվում են, ավելին` դրանք զուգակցվում են թե՛ տարածքների զիջման հետ, թե՛ հումանիտար խնդիրներով. գերեվարվում են զինվորականներ ու քաղաքացիական անձինք, որոնք որևէ կապ չեն ունեցել կոնֆլիկտի հետ ու ներգրավված չեն եղել դրանում»,– ասաց Սահակյանը` շեշտելով, որ անգամ բարձր մակարդակով տեղի ունեցած պայմանավորվածություններն այսօր խախտվում են` անվտանգության նորանոր հարցեր առաջացնելով։
Մեկնաբանելով եռակողմ հայտարարության սկզբունքների խախտման փաստերը` Սահակյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից այս փաստաթուղթն առոչինչ է, քանի որ ի սկզբանե հակասել է և՛ ՀՀ Սահմանադրությանը, և՛ միջազգային նորմերին։
«Եթե ուժի չգործադրման սկզբունքի խախտմամբ հարկադրվում է որևէ պայմանագրի կնքում, մենք այս դեպքում գործ ունենք առոչինչ պայմանագրի հետ։ Բացի այդ, այս պայմանագրի դրույթները հանգեցրել են քաղաքացիական բնակչության բռնի տեղահանության, որը դարձյալ հակասում է միջազգային իրավունքին»,– ասաց նա։
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանդրության խախտմանը, Սիրանույշ Սահակյանը նշում է, որ ռազմաքաղաքական ու տարածքային հարցերն այդ հայտարարությամբ, փաստորեն, կարգավորվել են առանց միջազգային պայմանագիր կնքելու ու առանց խորհրդարանի հավանության, ինչը նման դեպքերի համար պարտադիր է։ Բացի այդ երկրի տարածքների փոփոխությունը, նրա խոսքով, պետք է նաև հանրաքվեով հաստատվեր։
«Մասնավոր անձինք միջպետական մակարդակով չեն կարող վիճարկել այդ պայմանագիրը։ Այդ հարցերը պետք է բարձրաձայնվեն կառավարության մակարդակով։ Դրա դերակատար կարող են լինել ՀՀ ԱԳՆ–ն, կառավարությունն ու վարչապետը։ Բայց քանի որ վարչապետի հեղինակությամբ է կնքվել առոչինչ փաստաթուղթը, հասկանալի է, որ իր վարչապետության շրջանում նման իրավական հարցադրումներ միջպետական հարթության մեջ չեն կարող բարձրաձայնվել։ Ինքն է երաշխավոր, որ ՀՀ շահերին վնասող փաստաթուղթը կյանքի կոչվի»,– ասաց Սահակյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ` իրավական հետևանք չենթադրող փաստաթուղթը հայ ժողովրդին հարկադրվել են իշխանության վարչական լծակներով։ Ինչ վերաբերում է հետագայում դրա հնարավոր չեղարկմանը, Սիրանույշ Սահակյանի համոզմամբ, եթե անգամ միջազգային իրավունքը արձանագրի նորմերի խախտման փաստը, դրա հետևանքով Ադրբեջանին հանձնված տարածքների վերադարձն առանց ուժի գործադրման անհնար կլինի։
«Այսինքն` իրավունքը կարող է արձանագրել, բայց դրան պետք է հաջորդի նաև ռազմական ճանապարհ։ Առանց ռազմական միջամտության` կամովին հանձնված հողերը մենք չենք կարողանալու վերադարձնել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է իրավական ճանապարհին, Սիրանույշ Սահակյանի խոսքով, Վիեննայի կոնվենցիան հնարավորություն է տալիս առոչնչության հիմքերի պարագայում վեճը տանել ՄԱԿ–ի արդարադատության դատարան։ Որոշ դեպքերում այս խնդիրը կարող է քննության առարկա դառնալ նաև ՄԻԵԴ–ում։
«Երբ որ ՄԻԵԴ–ը գույքային իրավունքների պաշտպանության խնդիր լուծի, և որոշ քաղաքացիներ, օրինակ` Լաչինի կամ Աղդամի բնակիչները պնդեն, որ իրենց իրավունքները խախտվել են ոչ թե ռազմական կոնֆլիկտի շրջանակներում, այլ քաղաքական համաձայնության, կարող են նաև քննարկման առարկա դարձնել այդ համաձայնագրի վավերականությունը։ Եվրոպական դատարանը կարող է հարակից ձևով գնահատականներ ձևավորել»,– ասաց Սահակյանը։
Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, միջազգային հարթակում նման գործընթաց սկսելու համար նախ պետք է գործեն ԱԳՆ–ն ու կառավարությունը, որոնք երկուսն էլ, հասկանալի պատճառով, չեն գործի։
Հետևաբար, այս խնդիրը կմնա արդեն հաջորդ իշխանության կամ նույնիսկ հաջորդ սերունդների վրա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայերը Շուշին կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով. Սեմյոն Պեգով
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։