ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանից Հայաստան վերադարձած 44 գերիների շարքում են նաև տավուշցի երկու տղաները, որոնցից մեկը գերության մեջ էր հայտնվել մինչև արցախյան պատերազմը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Անցած գիշեր հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից»,-գրել է Չոբանյանը
Տավուշի մարզպետը շնորհավորել է տղաներին և նրանց հարազատներին։
«Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»,-նշել է Տավուշի մարզպետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։
Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։