ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է չորս զինծառայողների ձերբակալության մասին, որոնց կասկածում են ղարաբաղյան հակամարտության գոտում հանցագործություններ կատարելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչությանը:
«Զինծառայողները կասկածվում են Զանգելանի շրջանի տարածքում մարտերի ընթացքում զոհված հայ զինվորականների մարմիններն անարգանքի ենթարկելու մեջ։ Բացի այդ, նրանք կասկածվում են իրենց գործողությունները հեռախոսով նկարելու և սոցցանցերում տարածելու մեջ»,– հստակեցնում է գերատեսչությունը։
Բացի այդ, ևս երկու ադրբեջանցի զինվորականների կասկածում են Խոջավենդի շրջանի (Մարտունի. խմբ) գերեզմանատանը հայկական գերեզմանների քարե սալիկները ջարդելու, վանդալիզմի գործողությունները նկարահանելու և տեսագրությունները սոցցանցերում տարածելու մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են