ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ նախկին փոխվարչապետ «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դիմող կողմի բողոքը և վերացրել քննիչի որոշումը՝ քրգործի հարուցումը մերժելու մասին, ինչպես նաև դրա օրինականությունը հաստատելու մասին դատախազի որոշումը»,– Facebook–ի իր էջում գրել է փաստաբանը։
Նա հիշեցրել է նաև, որ ՀՔԾ-ն մերժել է քրգործի հարուցումը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման պահանջները, թե իբր ոստիկանության ծառայողները, թույլ չտալով Արմեն Գևորգյանին մեկնել Հայաստանից, գործել են առանձին ենթաօրենսդրական ակտով սահմանված իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններում։ Մինչդեռ, ըստ Ալեքսանյանի, բացառապես նշված ենթաօրենսդրական ակտի վրա հղում կատարելով չի կարող սահմանափակվել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը։
Հիշեցնենք, որ դեռ 2019-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Գևորգյանի պաշտպանների միջնորդությունը` թույլ տալով նրան որոշ ժամկետով բացակայել երկրից։ Սակայն հունիսի 20-ին պարզ էր դարձել, որ Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել հատել սահմանը՝ նշելով, որ համակարգում արգելք է դրված նրա ելքի վրա։ Նա ցանկանում էր 3 օրով մեկնել ՌԴ։
Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ
Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Արմեն Գևորգյանը 1 միլիոն դոլար կաշառք է ստացել. ինչի՞ համար է ՀՔԾ-ն մեղադրում նրա հորը