ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ORSIS հրաձգային զենքի ռուսաստանյան արտադրող ձեռնարկությունը (մտնում է «Պրոմիշլեննիե տեխնոլոգի» ընկերությունների խմբի մեջ) պատրաստ է ղեկավարության փոխվելուց հետո շարունակել համագործակցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Նովոսյոլովը։
2019 թվականին ORSIS-ը հայտնվել է Հայաստանի ուժային կառույցներին զենք մատակարարողների «սև ցուցակում» այն բանից հետո, երբ մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման տենդերը (որին մասնակցել է այդ ընկերությունը) ձախողվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Ավելի ուշ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը նամակ է ուղղել ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանին ու այդ որոշումը չմոտիվացված որակավորել։ Նոյեմբերին Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո Տոնոյանն ու նրա մի շարք տեղակալները հրաժարական տվեցին։
Գործակալության զրուցակիցն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարության նախորդ ղեկավարության օրոք մի շարք նախագծեր են ձախողվել, այդ թվում՝ Հայաստանում ORSIS-ի փամփուշտաշինական գործարանի շինարարությունը, իսկ մերժելու ձևակերպումները «բավականին անհասկանալի էին»։
ORSIS–ի աղմկահարույց գործում արծարծվում է պաշտպանության փոխնախարարի անունը
Նովոսյոլովն ընդգծել է, որ նախորդ տարիների ընթացքում ընկերությունը լավ հարաբերություններ է հաստատել իրենց ապրանքի վերջնական օգտագործողների հետ, քաղաքացիական զենքի հայկական շուկայում աշխատանքը չի դադարել։
«Մեզ համար դժվար է մեկնաբանել իրավիճակը քաղաքական տեսակետից, սակայն տեղի ունեցած իրադարձություններն անկասկած ողբերգություն են։ Մենք կուզենայինք, որ այդ տարածաշրջանում խաղաղություն լիներ․․․Պատերազմում հայկական բանակի խնդիրներից մեկը ջերմատեսիլ սարքերի պակասն էր, այնինչ ձախողված տենդերով նախատեսվում էր օպտիկական սարքավորումներ մատակարարել։
Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին բազմամիլիոնանոց զենքի առաքման տենդերի պատճառով, որը պետք է տեղի ունենար այս ամառ։ Հայաստանի ՊՆ–ն չեղարկել էր ORSIS ընկերության հայտը` բանկային երաշխիքները չվճարելու հիման վրա։ Իսկ Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» փաստով։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրել էր պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։
ORSIS–ն այլևս «սև ցուցակում» չէ. ընկերությունը կշարունակի՞ զենք առաքել Հայաստան