ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն այսօր հերթական քառօրյան է շարունակում։ Նիստը վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Միրզոյանը ծեծի ենթարկվելուց հետո ղեկավարում է ԱԺ–ի նիստը։
Ի դեպ, այսօրվա նիստի օրակարգում ներառված է 27 հարց, այդ թվում Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը և այլն։
Նշենք, որ դեկտեմբերի 1–ին էլ Արարատ Միրզոյանը մասնակցել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ դռնփակ նիստին։
Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը եռակողմ հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նրանց կողմից ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Միրզոյանը մի քանի վիրահատություն է անցել։