ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին: Տեղեկությունը հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:
Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։
Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Վիրավորների, անհետ կորածների ու գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։